Naira KocharPoet
Ցավից այն կողմ
Poet

Ցավից այն կողմ

Naira Kochar

©️Naira Kochar, 2021,poems

€10

Excerpt

ԲԱՅՑ ԱՐԻ ՈՒ ՏԵՍ... Դեռ գարուն չեկած՝ սերմս բողբոջեց, Ցրտին, սառույցին նա արհամարհեց, Անզուսպ ու ագահ, անկուշտ ու անվախ Պոռթկալով՝ հողից ծիլ տվեց, ծնվեց Ձյան տակից ծլող նուրբ ձնծաղկի պես: Ու ես զարթնեցի՝ Լույսին ընդառաջ գնալու կամքով, Աչքերս դեռ փակ, բայց արթուն հոգով, Հողի տակ թաղված, բայց ճկուն մտքով, Վշտից կծկված, բայց սիրող սրտով։ Ու ես զարթնեցի՝ Ինքս ինձ գրկած, ինքս ինձ պաշտպան, Լուռ, խաղաղ, փրկված ու խիզախ սրտով, Ցավից կազդուրված, պայծառ իմ մտքով, Կանացի, փխրուն, ուժեղ, վառ Ես-ով։

ԻՄ ՑԱՎԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ Իմ ցավից այն կողմ կա խաղաղություն, Իմ ցավից այն կողմ կա կտոր մը լույս, Անելանելուն ուղի ցույց տվող, Սիրուն հույս տվող անմար մի կանթեղ: Արցունքս մաքրող, ցավս մեղմացնող, Վիշտս փարատող, հետս կուշտ լացող, Ինձ գիրկը առնող ու ինձ սեր տվող, Վախս փարատող ժպիտ կա մի լուռ։ Իմ ցավից այն կողմ կա վստահություն, Իմ ցավից այն կողմ կա կտոր մը հույս, Իմ ցավից այն կողմ կա խաղաղություն, Իմ ցավից այն կողմ կա կտոր մը լույս։

ԻՆՁ ՄԻ ՀԱՄՏԵՍԻՐ Կամ սառը եղիր սառույցի նման, Կամ եղիր դու տաք՝ թեժ կրակի պես։ Կամ մի՛ ճաշակիր կուշտ մարդու նման, Կամ կո՛ւլ տուր դու ինձ, ինձ մի՛ համտեսիր։ Այլապես պիտի քեզ չհամտեսած՝ Ործկալով փսխեմ։ Քո տված ճաշը գոլ է, գաղջ, ոչ տաք, Այն ճաշակելու ցանկություն չունեմ, Ուր մնաց մարսեմ։ Ես տաք եմ սիրում, Ես քո «ոչ սառը» տանել չեմ կարող, Ինչո՞ւ համտեսեմ: Իմ տաք ապուրին քո սառը խառնել Ու ինձ գոլացնե՞լ, դա էլ չեմ ուզում, Իմ հոգին քոնը չի կարող մարսել։ Կամ սառը եղիր սառույցի նման, Կամ եղիր դու տաք՝ թեժ կրակի պես։

Քայլում ենք. Դու՝ քո ճամփով, ես՝ իմ։ Քայլում ենք՝ Մտքով միասին, սրտերով հեռու։ Քայլում ենք՝ Իրար հանդիպելու հույսով, Իրար տեսնելու, Իրար զգալու հույսով։ Կարոտը խոր պահած մեր հոգում՝ Քայլում ենք. Ես՝ քո աչքի, Դու՝ իմ աչքի լույսով։ Քայլում ենք. Դու՝ ինձ սիրելու, Ես՝ ինձ զգալու հույսով։

Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,– ասում է Տերը,– բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ ԵՐԵՄԻԱ 29:11[ՆՎԱԱ]